Լեգենդար «Վիեննայի տղաները» ելույթ կունենան Երևանում

9-14 տարեկան տղաների համերգային ծրագրում նաև Կոմիտաս կհնչի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. «Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 4-ին Երևանում ելույթ կունենա հռչակավոր Վիեննայի տղաների երգչախումբը:

Համերգի ծրագրում կհնչեն Գալուս, Հենդել, Հայդն, Մենդելսոն, Շուբերտ, Մոխնիկ, Շեչինսկի, Կոմիտաս, Յոզեֆ Շտրաուս, Յոհան Շտրաուս, Բիլի Ջոյել, ժողովրդական երգեր, հատվածներ հայտնի մյուզիքլներից:

Երգչախումբը ստեղծվել է 1498թ. Մաքսիմիլիանոս Առաջին կայսեր հրամանով: Դրանով իսկ կանոնակարգվեց դեռևս 1296թ-ից Կայսերական եկեղեցում երգող տղաների ավանդույթը:

Երգչախմբի կազմում են եղել ու նաև աշխատել այնպիսի հանճարներ ինչպիսիք Մոցարտը, Սալիերին, Գլյուկը, Բրուքները, Հայդն եղբայրները, Շուբերտը, Բեթհովենը և Բախը: Մինչ 1918թ.-ը երգչախումբը երգել է միայն Կայսերական պալատի համար, միայն 1920թ.-ից էր, որ այն վերածվեց առանձին կազմակերպության և սկսեց հանդես գալ լայն հասարակության համար ու շրջագայել աշխարհով մեկ:

Վիեննայի տղաների մասին նկարահանվել է շուրջ 50 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր, այդ թվում նաև` «Ուոլթ Դիսնեյ» ընկերության կողմից:

Ավստրիայի պետությունը Վիեննայի տղաների երգչախմբին նվիրաբերել է քաղաքում գտնվող ամենագեղեցիկ պալատներից մեկը` Աուգարտենը, որտեղ երեխաները ապրում և հաճախում են դպրոց: Երգչախմբի անդամների տարիքը 9-14 տարեկան է: