ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. «Մատչ ՏՎ» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն, հեռուստաաստղ Թինա Կանդելակիի` ԳՀՎ (Գլխավոր հետախուզական վարչություն) գրությամբ շապիկն աղմուկ է առաջացրել Telegram սոցիալական ցանցում:
Կանդելակին տեսաուղերձ է ձայնագրել իր բաժանորդների համար՝ պատմելով, որ «շքեղ մրցույթ» է անցկացրել:
«Բոլոր նրանք, ովքեր կարդում են ինձ, սեղմեք և ամեն ուրբաթ սպասեք «Ամենախելոքը» հաղորդմանը: Այսօր մենք խոսել ենք ֆուտբոլի աշխարհի առաջնության մասին: Դուք բոլորդ լավ գիտեք, հիշում եք, սիրում եք: Ապրեն նրանք, ովքեր ճիշտ են պատասխանել 10 հարցերին: Մրցանակներն ինձնից», — տեսաուղերձում ասում է Կանդելակին, որի հագին սև շապիկ է` «Դուք աշխատո՞ւմ եք ԳՀՎ-ում» գրությամբ:
Մարգարիտա Սիմոնյանը չի անտեսել այդ մանրուքը, և քանի որ հենց նա է նախաձեռնել շապիկների հետ կապված այդ hype-ը, իր տելեգրամ-ալիքում գրել է. «Գեղեցկուհին խոսում է ֆուտբոլի մասին, բայց դուք նրա շապիկին եք նայում, չէ՞»։
Կանդելակին ի պատասխան գրել է. «Ջանա, դու ասես Balenciaga լինես, քո կողքից անցնելու շանս չկա: Ապրանքանիշ բացիր: Կլինես առաջին հայուհին fashion —ում»:
Ավելացնենք, որ Ռուսաստանում ճանաչված մարդկանցից շատերը միացել են այդ «չելենջին» և սև շապիկներով լուսանկարներ են հրապարակում։ Սիմոնյանը կատակով ասել է` ով չունի այդ շապիկից, կարող է դիմել իրեն։
Նշենք, որ ավելի վաղ Bellingcat և The Insider պարբերականները հրապարակել էին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման մասին իրենց հետաքննության երրորդ մասը` հայտնելով, որ Ռուսլան Բոշիրովը, որին մեղադրում են մահափորձի մեջ, Ռուսաստանի հերոս և ԳՀՎ գնդապետ Անատոլի Չեպիգան է: Նրանք նման հետևության էին հանգել, երբ տեղեկատվություն էին փնտրել այն բուհերի մասին, որտեղ կրթում են ԳՀՎ սպաներին:
Ռուսական ԶԼՄ-ների տվյալներով՝ Հեռավորարևելյան բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանի կայքում նրանք տեսել են լուսանկար Չեչնիայից, որում նկատել են Բոշիրովին նման մարդու: Այնուհետև Bellingcat-ը և The Insider-ը շրջանավարտների ցուցակում գտել են Չեպիգային, որը ծառայել է Չեչնիայում և տարիքով համապատասխանել է Բոշիրովի տարիքին, դրանից հետո «Ռուսական անձնագիր» համակարգում գտել են նրա լուսանկարը:
Սոցիալական ցանցերի օգտատերերն այդ թեման թրենդի են վերածել և ակտիվորեն ցուցադրել իրենց սրամտությունը: Անտարբեր չի անցել նաև Մարգարիտա Սիմոնյանը, որը սեպտեմբերի կեսին Ալեքսանդր Պետրովից և Ռուսլան Բոշիրովից հարցազրույց է վերցրել նրանց բրիտանական ուղևորության մասին: Շուտով նա Twitter-ում հրապարակել է հեգնական գրառում՝ թեմատիկ լուսանկարներով:
Ընկերուհիները հաճախ են կատակում վիրտուալ տիրույթում։ Օրինակ` վերջերս Սիմոնյանը պատահաբար հրապարակել էր Կանդելակիի անձնական հեռախոսահամարը, որից հետո հաղորդավարին ողողել էին հաղորդագրություններով: