Առանձնակի դաժանությամբ սպանություն Երևանում. որդին մսագործի դանակով սպանել է հորը

32-ամյա տղան մսագործի մեծ դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 61-ամյա հորը և սպանել տան ննջասենյակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 10:00-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել մի քաղաքացի և հայտնել, որ հայրը՝ 61-ամյա Վարուժան Մկրտչյանը երեկվանից գտնվում է մյուս տղայի՝ 32-ամյա Տարոն Մկրտչյանի տանը, սակայն ոչ մի տեղեկություն չունեն նրանցից, հեռախոսազանգերին հայրն ու եղբայրը չեն պատասխանում:

Որդու դին նախ փորձել են թաքցնել փոսի մեջ. Արմավիրում տեղի ունեցած սպանության մանրամասները

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները պարզում են, որ հայր և որդի Վ. և Տ. Մկրտչյանները վարձակալական հիմունքներով բնակվում են Դավիթաշեն 2-րդ թաղամասի 26 շենքի 50-րդ բնակարանում:

Երևան քաղաքի ոստիկանները մեկնելով նշված հասցե` ննջասենյակում հայտնաբերում են գլխի, կրծքավանդակի, ուսերի մասում կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով Վ. Մկրտչյանի դին:

Մինչ դեպքի վայրում կաշխատեին քննիչները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները տաք հետքերով Վ. Մկրտչյանին սպանելու կասկածանքով հայտնաբերում են Տ. Մկրտչյանին։ Նրան բերման են ենթարկում ոստիկանություն, այնուհետև տեղափոխում քննչական բաժին և քննիչի որոշմամբ ձերբակալվում:

Ոստիկանության Երևանի վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող մսագործի մեծ դանակը, որը քննիչի որոշմամբ առգրավվել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: