ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է ցրել այն կասկածները, թե ինքը թանկարժեք ժամացույցներ է կապում։
«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ»,- Facebook սոցիալական ցանցում գրել է նա և հրապարակել ժամացույցների լուսանկարը։
Փաշինյանը հայտնել է, որ հայկական արտադրության այս ժամացույցները Երևանում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) և 105 հազար (աջ կողմինը) դրամով:
«Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց»,- գրել է նա:
Փաշինյանը նշել է, որ իր գրառմանս իմաստը նաև հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:
Ի դեպ, վարչապետի հրապարակած լուսանկարում երևում է, որ նրա ժամացույցները տարբեր ժամեր են ցույց տալիս։