Ըստ քաղաքագետի` ակնհայտ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարության հասցեատերերը Հայաստանն ու Ադրբեջանն են, և դա այն պարագայում, երբ սահմանում իրավիճակ սադրող կողմը Ադրբեջանն է
«Մենք հերթական անգամ ականատեսն ենք դառնում համահավասարեցված մեղադրանքների, որոնք այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց նա` միաժամանակ չհերքելով, որ խիստ հայտարարություններ են եղել նաև հայկական կողմից։
Մելիք-Շահնազարյանը կարծում է նաև, որ դիվանագիտական բացթողում էր վարչապետ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ երեք ադրբեջանցի զինծառայող է չեզոքացվել։
«Նման բաները հանրահավաքներում որպես գործունեության արդյունք ներկայացնելը, բնականաբար, իրավիճակ է սրում և միջնորդներին նման հայտարարություններով հանդես գալու առիթ է տալիս։ Մենք տվել ենք այդ առիթը, որպեսզի նրանք համահավասարեցված գնահատական տան թե՛ Ադրբեջանին, թե՛ Հայաստանին։ Եվ դա այն դեպքում, որ Հայաստանն անգամ Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում ամեն ինչ արել է, որ իրավիճակը հանգիստ լինի»,- ասաց նա։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը սեպտեմբերի 25-27-ն ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գլխավոր ասամբելայի շրջանակներում առանձին և համատեղ հանդիպումներ են ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Համանախագահները խորը ափսոսանք են հայտնել շարունակվող զոհերի կապակցությամբ: Նրանք զգուշացրել են նախարարների լարվածության վտանգների մասին, կոչ են արել կողմերին կառուցողական կերպով մասնակցել դրական մթնոլորտի ձևավորմանը և խուսափել հռետորաբանությունը, որը կարող է լարել իրավիճակը: