ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. Սեպտեմբերի 29-ին, ժամը 11։30-ին Դիլիջանի թունելում՝ Դիլիջան-Երևան ուղղությամբ շարժվելիս այրվել է բելառուսական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը։
Մեքենան բեռնված է եղել հեռուստացույցներով և լվացքի մեքենաներով։
Հրդեհն ուղեկցվել է պայթյունով։ Դեպքի վայրից հայտնել են, որ տուժողներ չկան, սակայն մեքենան ամբողջությամբ այրվել է և վերածվել մոխրակույտի։
Միջադեպի առաջին վայրկյաններին տեղում հերթապահող ճանշինի աշխատակիցներն արագ արձագանքել են, թունելից տարհանվել են բոլոր մեքենաները, մուտքերը՝ փակվել։ Ուժեղ ծխի պատճառով ԱԻՆ աշխատակիցները թունելին մոտենալու հնարավորություն են ունեցել միայն Դիլիջանի կողմից։
Հրդեհը հասցրել է տարածվել նաև թունելի օդափոխության համակարգում: Հրդեհի արդյունքում մեծ վնաս է հասցվել թունելին:
Թունելը անվտանգության նկատառումներով ժամանակավորապես փակ է, առաջիկայում այն փակ կլինի նաև վերանորոգման նպատակով։
Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։