«Ապրի մեր վարչապետը, եթե...». Աշոտյանը սրտանց ուզում է կիսել Փաշինյանի լավատեսությունը

ՀՀԿ փոխնախագահը մեկնաբանել է ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ Ալիևի հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը սպասում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պայմանավորվածությունները գործնական արդյունք տան։ Աշոտյանն այս մասին գրել է Facebok սոցիալական ցանց իր էջում։

«Եթե Դուշանբեում Ալիևի հետ ոտքի վրա ձեռք բերված պայմանավորվածությունները սահմանային միջադեպերը կանխելու և նոր զոհեր չունենալու հետ կապված իրոք կայուն և գործնական արդյունք տան, ապա ապրի մեր վարչապետը»,- գրել է նա։

Ըստ Աշոտյանի` փաստացի այդ պայմանավորվածությունները Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում եղած, բայց Ալիևի պատճառով թղթի վրա մնացած համաձայնությունների իմաստի շրջանակում են՝ առանց միջազգային ինստիտուցիոնալ մեխանիզմների։

«Ողջ սրտով ուզում եմ կիսել իր լավատեսությունը և ինքնավստահությունը այդ հարցում։ Իսկ եթե ոչ, ապա… չէ, հիմա չեմ քննարկի այդ տարբերակը»,- գրել է Աշոտյանը։

Նա իր գրառման վերջում խաղաղ ծառայություն է մաղթել մեր զինվորներին։

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 29-ին, Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատմել էր Դուշանբեում ԱՊՀ երկրների գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման մասին։ Նրա խոսքով` Ալիևի հետ պայմանավորվել են պաշտպանության նախարարներին հանձնարարել, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ։ Փաշինյանն ասել էր, որ խոսքը վերաբերում է սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլերին։