«Ալիևի հետ հրադադարի խախտումները կանխելու պայմանավորվածություն է ձեռք բերվել». Փաշինյան

ՀՀ վարչապետը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի նախագահի հետ ունեցած զրույցից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբեր — Sputnik. Ադրբեջանի նախագահի հետ շփումը ոչ ֆորմալ էր, ըստ էության, դա մեր առաջին հանդիպումն էր: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատմելով Իլհամ Ալիևի հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ ունեցած զրույցի մասին:

Բաքուն չի կարողանա երկար ձգձգել արցախյան բանակցությունները. Սաֆրաստյան

«Մենք պայմանավորվեցինք, որ մեր Պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում և ընդհանրապես լարումն իջեցնելու վերաբերյալ, սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են դրանք»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծեց, որ Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի պահպանման պայմանավորվածություն ձեռք բերվելու հարցն է նաև քննարկվել:

Ըստ նրա՝ Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել են նաև, որ օպերատիվ կապի որոշակի կոմունիկացիա պիտի ստեղծվի, ինչպես նաև խնդիրները պետք է լուծվեն բանակցությունների միջոցով:

Փաշինյանը նշեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո երեկվա գիշերը սահմանի և արցախյան առաջնագծի երկայնքով առկա դրության առումով ամենահանգիստն է եղել:

«Ընդհանուր քննարկումներ ենք ունեցել, բայց բովանդակային քննարկում չի եղել, քննարկումը եղել է այն մասին, որ կարողանանք կանխել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը: Կարգավորման համար անհրաժեշտ է կարգավորման մթնոլորտ, իսկ երբ ամենօրյա ռեժիմով կրակոցներ են լինում, կարգավորման մասին խոսելն այդքան էլ տրամաբանական չի լինում: Ես ուրախ եմ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք բերվեցին, և ես հույսով եմ, որ դրանք կպահպանվեն»,-նշեց նա: