Արյունոտ գորգ և հայերի միս Էրդողանի համար. գերմանացի հրապարակախոսը վրդովված է

Գերմանիայի իշխանությունը պահպանել է էթիկետը` Էրդողանի համար կարմիր գորգ փռելով, բայց նման բան չէր կարելի անել, կարծում է Հենրիկ Բրոդերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Գերմանացի հրապարակախոս Հենրիկ Բրոդերը ազատություն է տվել հեգնանքին` պատասխանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հարցին։ Գերմանական WELT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նրան հարցրել են, թե ինչ է մտածում Գերմանիա ժամանած թուրք նախագահի համար փռած կարմիր գորգի մասին։

«Ի՞նչ կարմիր գորգ։ Չլինի՞ այն գորգը, որը ներկված է հայերի արյունով։ Իսկ գիտե՞ք, թե ինչ են նրան մատուցելու հանդիսավոր ընդունելությանը։ Միգուցե հայերի միս բրնձո՞վ», — պատասխանել է Բրոդերը։

Այդ պոռթկումից հետո Բրոդերն անցել է լուրջ տոնի. «Չի կարելի այդքան ցածր խոնարհվել, ինչպես մեր կառավարությունը»։

Նշենք, որ Էրդողանի եռօրյա այցը հակասական արձագանք է առաջացրել գերմանական հասարակությունում, այդ թվում` թուրքական ծագումով գերմանացի ակտիվիստների կալանքների պատճառով։

Նրան բավական զուսպ պաշտոնական ընդունելություն են ցույց տվել։ ԳԴՀ ԱԳՆ ղեկավարի անունից մատուցած հանդիսավոր ճաշին ներկա չեն եղել Անգելա Մերկելը և նրա կառավարության անդամների մեծամասնությունը։

Հենրիկ Բրոդերը երկար տարիներ ապրում է Գերմանիայում, բայց ծնվել և մեծացել է Լեհաստանում։ Ծագումով հրեա է, նրա ծնողներն անցել են նացիստական համակենտրոնացման ճամբարներով։