ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Այս կաբինետն իրականացնում է խիստ զսպող հարկաբյուջետային քաղաքականություն»

Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյան Sputnik Արմենիայի եթերում խոսում է Հայաստանի պետական պարտքի մասին։
Sputnik
Ատոմ Մարգարյան

Տնտեսագետի խոսքով` եթե պետական պարտք- համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը գերազանցում է 40 տոկոսը, իսկ Հայաստանում գերազանցում է (այս տարվա արդյունքներով տարեսկզբին 58 տոկոսի սահմանում էր), ուրեմն պետական պարտքի մակարդակն իսկապես իջել է։

«Այս կաբինետն իրականացնում է խիստ զսպող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասում է նա։

Փաշինյանի կառավարությունը 2019թ–ին չի մեծացնի բյուջեի «պարտքի փոսը»

Տնտեսագետի խոսքով` պետական պարտքը` թե՛ արտաքին պարտքի, թե՛ ներքին պարտքի մասով, նկատելիորեն իջել է (մոտ 35-40 մլն դոլարի սահմանում է), ինչը նշանակում է, որ կայունացման գործոնն առաջին պլանում է։

«Եթե պետական պարտքը գերազանցում է 40 տոկոսը, սկսում է աշխատել մյուս կայունարարը, այսինքն պետք է կապիտալ ծախսերը նվազ չլինեն, քան պետական բյուջեի դեֆիցիտն է»,- ասում է նա։

Մարգարյանը նշում է` եթե հաջորդ տարվա դեֆիցիտը պլանավորվում է 151 միլիարդ դրամ, նշանակում է` կապիտալ ծախսերը պետք է ավելի պակաս չլինեն։

«Ավելի քան 160 մլրդ դրամ` պետական ծախսերի մոտավորապես 12.3 տոկոսը, ուղղվելու է տնտեսության իրական հատված, լինելու են կապիտալ ծախսեր։ Այսինքն դրանք այնպիսի ծախսեր են,որոնք ստեղծելու են նոր հնարավորություններ` արտադրական, լոգիստիկ, ենթակառուցվածքային»,- ասում է նա։

Մարգարյանը նշում է, որ դրանք և՛ աշխատեղեր են, և՛ հավելյալ եկամուտներ, և՛ ամենակարևորը` կարող են մուլտիպլիկատիվ էֆեկտներ ստեղծել այլ ոլորտների համար, հատկապես աշխատատեղերի և հավելյալ եկամուտների իմաստով։