ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Վրաստանի տարածքով ավտոտրանսպորտային միջոցով եգիպտացորեն տեղափոխելը նույնպես հետաձգվել է մեկ տարով, ինչպես ցորենի դեպքում։ Այդ տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին երկու երկրների տրանսպորտի նախարարություններում։
Թբիլիսին ցորենի և եգիպտացորենի ներկրման պայմանները կրկին կքննարկի 2019թ-ի հոկտեմբերի 1-ին։ Մինչ այդ հայ և վրացի ներկրողները կարող են հանգիստ աշխատել։
«Ավտոմոբիլային ճանապարհով եգիպտացորեն ներկրելու արգելքը նույնպես հետաձգվել է, ինչպես ցորենի դեպքում», —Sputnik Արմենիային հայտնեցին Վրաստանի տրանսպորտի նախարարությունում։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում նույնպես հաստատեց այդ տեղեկությունը։ Նա բացատրեց, որ հայկական կողմը կանոնավոր կերպով կապ է հաստատում վրացի գործընկերների հետ, ինչը չափազանց կարևոր է։ Այդ պատճառով նա լրացուցիչ երկկողմ աշխատանքային խումբ ստեղծելու անհրաժեշտություն չի տեսնում` այդ հարցը լուծելու համար։
«Վրաստանի հետ մենք երկխոսություն ենք վարել օգոստոսի 15-ից, երբ դրվել է արգելքի մասին հարցը։ Գլոբալ տեսանկյունից լաստանավով տեղափոխելը ճիշտ որոշում է, քանի որ դա թույլ կտա բեռնաթափել մեզ համար կարևոր «Վերին Լարս» հսկիչ անցակետը։ Բառացիորեն երկու ամիս առաջ քննարկումներ են ընթացել։ Մեզ համար առաջնահերթ է հսկիչ անցակետը բեռնաթափելու և ավելի որակյալ ցորեն գնելու հարցը», — ասաց Հակոբյանը։
Նրա խոսքով` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի բանակցությունների շնորհիվ հայկական կողմին հաջողվել է համոզել վրացական կողմին այնքան նվազեցնել սակագները, որ դա չանդրադառնա նոր ճանապարհով տեղափոխելու արժեքի վրա։
«Արգելքն ուրիշ հետևանքներ ունի. փոխադրողներից շատերը զրկվում են աշխատանքից։ Մյուսները չեն կարող ապրանքը տեղափոխել լաստանավով։ Նման իրավիճակը հանգեցնում է մոնոպոլիայի։ Եթե մենք կարողանանք լուծել բոլոր այդ հարցերը, ապա լաստանավային փոխադրմանն անցում կատարելը լավագույն լուծումն է», — ասաց Հակոբյանը։
Նա նշեց, որ կողմերը դիտարկում են ցորեն և եգիպտացորեն տեղափոխելու տարբեր տարբերակներ։ Նախարարը չբացառեց ցորեն տեղափոխելու հնարավորությունը ինչպես ավտոմոբիլային, այնպես էլ երկաթուղային ճանապարհով։
Հիշեցնենք, որ Վրաստանը երեք անգամ տեղափոխել է արգելքի ժամկետը։ Առաջին անգամ այն պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի 15-ին, հետո` հունվարի 1-ին։ Արդյունքում վրացի ներկրողների քառօրյա բողոքից հետո կառավարությունը քննարկումը հետաձգեց մինչև 2019թ-ի հոկտեմբերի 1։