Հայաստանում բացվում է շաքարավազի արտադրության նոր գործարան

Շաքարավազի մեկ գործարանը, աշխատելով 4-5 ամիս, «քաղցրացնում» է ամբողջ Հայաստանը։ Այդուհանդերձ, շուկա է մտնում ևս մի խաղացող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում առաջիկայում կգործի շաքարավազի արտադրության երկրորդ գործարանը։ Այսօր լրագրողներին այս մասին ասաց Սևանում գտնվող գործարանի սեփականատեր Արմեն Առաքելյանը։

Առաքելյանի խոսքով` նա կփորձի գործարանը գործարկել նոյեմբերից, երբ ստանան հումքի խմբաքանակը` վերամշակման համար։ Նա ցանկանում է պատրաստի շաքարավազը մեծածախ առևտրականներին վաճառել այնպիսի գնով, որ մանրածախ առևտրի դեպքում մեկ կիլոգրամն արժենա 270 դրամ, այսինքն այսօրվա գներից մոտավորապես 10 տոկոսով էժան։

Сахарный завод в городе Севан

Սևանի գործարանն արտադրության համար մտադիր է հումք գնել Բրազիլիայից։ Դա արդեն շաքարեղեգից շոգեհարված և կիսով չափ պատրաստի շաքար է։ Այն պետք է լուծել ջրում և կրկին գոլորշիացնել` բոլոր խառնուրդները վերացնելու համար։ Այդ եզրափակիչ գործողությունը կկատարեն հենց գործարանում։

Նշենք, որ երկար տարիներ Հայաստանում շաքարավազի բիզնեսով զբաղվել է միայն Սամվել Ալեքսանյանը` Հայաստանի խոշորագույն գործարարներից մեկը։ 2010թ-ին նա որոշել է ինքնուրույն շաքար արտադրել, ընդ որում նա գործարանը կառուցել է արտադրանքը հարևան Վրաստան արտահանելու նպատակով։

Սակայն «քաղցր հույսերը» չեն արդարացել. հարևանների շուկայում գերիշխել է թուրքական շաքարը, ուստի հզորությունների մի մասը պարապուրդի է մատնվել։ Հիմա գործարանն աշխատում է միայն տեղի շուկայի վրա և միայն տարեկան 4-5 ամիս` միաժամանակ ապահովելով ամբողջ Հայաստանը։

Նման պայմաններում ինչի վրա է հույս դնում նոր գործարանը։

«Դե, մրցակցությունը ոչ ոք վերացրել։ Թող նրանք էլ արտադրեն, մենք էլ։ Կտեսնենք` ով ավելի լավ և էժան շաքարավազ կառաջարկի», — ասում է Առաքելյանը։

Նա ցանկացել է գործարանը բացել դեռ տասը տարի առաջ, բայց նրա «քաղցր հույսերը» չեն իրագործվել. «միջամտել» է համաշխարհային ֆինանսական ճգնաժամը։

Գործարարը ծրագրում է բացել 80 աշխատատեղ` մոտ 120 հազար դրամ աշխատավարձով։

Խորհրդային շրջանում Հայաստանում ոչ միայն շաքարավազի գործարան է եղել, այլ նաև շաքարի ճակնդեղի սեփական արտադրություն (դրանից շաքար են ստացել, իսկ թափոններից` անասնակեր)։ Արտադրությանը դոտացիա է տվել պետությունը, ձեռնարկություններում ստեղծվել են հարյուրավոր, իսկ գյուղերում` հազարավոր աշխատատեղեր։

Իրանահայերն ուզում են նավթամթերքի գործարան բացել. նրանց դեմ գործ է հարուցվել

Այժմ դոտացիա տվող չկա, գործարանը պատրաստ է շաքարի ճակնդեղ ընդունել մեկ կիլոգրամի համար 15 դրամով։ Համեմատության համար նշենք` 2010թ-ին գյուղացիները չեն համաձայնել նույնիսկ 30-35 դրամով, որը նրանց առաջարկել է Սամվել Ալեքսանյանը։

«Հասկանում եմ, բայց Ռուսաստանում շաքարի ճակնդեղի մեկ տոննան արժե 1500 ռուբլի։ Ուստի, եթե հաշվենք դրամով, ապա մեզ մոտ պետք է նույնքան լինի կամ մի քիչ թանկ։ Այլապես մենք չենք կարող դուրս գալ շուկա», — հավելեց Առաքելյանը։

Գործարանն աջակցության համար արդեն դիմել է Հայաստանի կառավարությանը` հումքի ներկրման ԱԱՀ-ն հետաձգելու համար։ Այդ դեպքում հարկը պետք է վճարել ոչ թե միանգամից մաքսատանը (երբ ապրանքն արտադրված չէ, և եկամուտ դեռ չկա), այլ միայն վաճառքի դեպքում։