Բաքուն չի կարողանա երկար ձգձգել արցախյան բանակցությունները. Սաֆրաստյան

Փորձագետները կարծում են, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն իր հետքն ունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանը երկար չի կարողանա ձգձգել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման գործընթացը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով` Բաքուն ուզի-չուզի, միևնույն է` գլոբալ գործընթացների մի մասնիկ է, և այդ գործընթացները բանակցություններ են պահանջում։ Միայն դա է պատերազմ չվերսկսելու քիչ թե շատ արդյունավետ երաշխիքը։

Հայաստանի և Արցախի արտգործնախարարները խոսել են Ղարաբաղյան հակամարտության լուծման մասին

Կարգավորման գործընթացը փակուղի գցելու ադրբեջանական փորձերը Սաֆրաստյանը կապում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների հետ, որոնց համաձայն` Արցախը պետք է լիարժեք մասնակցություն ունենա բանակցություններին։ Բաքուն նույնիսկ լսել չի ուզում այդ մասին։

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, որը, արևելագետի կարծիքով, դեռ չի ավարտվել, իր հետքն է թողնում Արցախի հարցի կարգավորման վրա։ Համաշխարհային հանրությունը Հայաստանի նոր իշխանությանն այլևս չի ընկալվում այնպես, ինչպես սովորաբար ընկալում էր հետխորհրդային երկրների իշխանություններին։ Հայաստանի իշխանության այսօրվա լեգիտիմությունը պետք է օգտագործել Երևանի դիրքերն առաջիկա բանակցություններում ամրապնդելու համար։

Հիշեցնենք` Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանում ելույթ ունենալիս ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ ԼՂՀ կարգավիճակն ու անվտանգությունը բանակցային գործընթացում առաջնահերթ են Հայաստանի համար։ Եվ եթե Ադրբեջանը հակված է խաղաղ կարգավորմանը, ապա պետք է երկխոսություն սկսի հակամարտության հիմնական սուբյեկտի` Արցախի հետ։ Որոշ ժամանակ անց եղավ Բաքվի պատասխանը։ Փաշինյանի հայտարարություններն անվանեցին «սադրիչ և հակասական», ինչը կարող է կաթվածահար անել բանակցային գործընթացը։