Ագրեսորը մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով. Կաժոյանի պատասխանը Ադրբեջանին ՄԱԿ–ում

Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը Մինսկի խմբի համանախագահության կողմից նշվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը, նշել է Կաժոյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. «Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները` ագրեսիա կիրառելով Արցախի բնակչության նկատմամբ և հրաժարվելով ճանաչել բոլոր ազգերի միջև հավասարության կարևորագույն սկզբունքը»: Այս մասին ՄԱԿ-ի ԳԱ 73-րդ նստաշրջանի շրջանակներում կայացած Չմիավորման շարժման Բարձր մակարդակի հանդիպմանը, արձագանքելով  Ադրբեջանի պատվիրակության ղեկավարի ելույթին, ասել է ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը:

Կենաց-մահու պայքար. երիտասարդ ձկնորսը 49 օր մնացել է բաց ծովի վրա

«Հենց Ադրբեջանն է, որ հրաժարվում է ղարաբաղյան հիմնախնդիրը լուծել խաղաղ ճանապարհով և շարունակաբար ռազմական գործողություններ է իրականացնում ինչպես Հայաստանի հետ սահմանին, այնպես էլ Արցախի հետ շփման գծում: Անընդունելի է, երբ ագրեսորը  մեղադրում է ուրիշներին՝ զոհ ձևանալով»,–նշել է Կաժոյանը:

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ադրբեջանը հրաժարվում է ճանաչել Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքը, որը միջազգային միջնորդության միակ մանդատն ունեցող Մինսկի խմբի համանախագահության կողմից նշվում է որպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման սկզբունքներից մեկը:

Այնուհետև, Վահրամն Կաժոյանը հիշեցրել է, որ Չմիավորման շարժման անդամների մեծ մասն ինքնորոշման իրավունքի իրացման շնորհիվ է անկախացել:

«Արցախի Հանրապետության ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին ժողովրդավարական հանրաքվեի միջոցով արդեն կայացրել է իր որոշումը, և նրանք ամեն իրավունքն ունեն ճանաչված լինելու` որպես անկախ պետություն: Դա իրենց ընտրությունն է, և որևէ մեկը չի կարող ստիպել նրանց անել հակառակը»,- իր խոսքը եզրափակել է Վահրամ Կաժոյանը:

Հիշեցնենք` Բանդունգյան սկզբունքները հաստատվել են 1995թ. Կայացած ասիական-աֆրիկյան համաժողովի ժամանակ և միտված են աշխարհում խաղաղության և համագործակցության խրախուսմանը: Այդ սկզբունքներից են բոլոր ժողովուրդների հավասարությունը՝ անկախ չափսից, մարդու հիմնարար իրավունքների և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների և սկզբունքների հարգումը, ագրեսիայի կամ ուժի կիրառման գործողություններից զերծ մնալը: