ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Մոսկվայի Բասմանյան դատարանը մեկուսարանից ազատ է արձակել 58-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից կրտսերին և միջնեկին։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանից։
Միջնորդությունը բավարարելու մասին դատարանի վճիռը կարդաց դատավոր Յուլյա Սաֆինան։ Քննիչների խնդրանքով դատավարության գործընթացը փակ էր, կողմերը դեմ չէին։
Քույրերին արգելվում է լքել կացության վայրը գիշերը, շփվել որևէ մեկի հետ, բացի քննիչից և մտերիմ բարեկամներից։ Նրանց արգելվում է շփվել նաև միմյանց հետ։ Բացի այդ նրանք չեն կարող օգտվել համացանցից և բջջային կապից` արգելքը գործում է մինչև դեկտեմբերի 28-ը։
Դատարանը ուսումնասիրում է մեկուսարանից նաև ավագ քրոջը ազատ արձակելու միջնորդությունը։
Նաև տեսանյութ հրապարակած Mash տելեգրամ-ալիքի տվյալներով, Անգելինա Խաչատուրյանը տուն է գնում։ Նա ժպտում է և ցույց է տալիս առանց ձեռնաշղթաների ձեռքերը։
Աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում։ Երեք քույրերը հայտնել էին իրենց հորը` Միխայիլ Խաչատուրյանին սպանելու մասին։ Հարցաքննության ժամանակ քույրերը խոստովանել էին իրենց մեղքը և բացատրել, որ «իրենք վատ հարաբերություններ են ունեցել հոր հետ, քանի որ հայրը տարիներ շարունակ բարոյապես տանջել է նրանց»։ Մոսկվայի Օստանկինյան դատարանը օգոստոսի 2-ին կալանավորել է երեք քույրերին։