ՌԱԴԻՈ

Մելիքյան. «Ինձ տեսնում եմ իրավապաշտպան դաշտում, պետական ապարատից դուրս»

«Գտնում եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ լինել այլ դիրքում»։ Խոսելով իր հրաժարականի պատճառների ամսին` Sputnik Արմենիայի եթերում ասաց Արցախի արդեն նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը։
Sputnik
Ռուբեն Մելիքյան

Ինձ տեսնում եմ իրավապաշտպան դաշտում, պետական ապարատից դուրս։ Մեծ պատիվ է ինձ համար, որ բախտ է վիճակվել 2,5 տարի լինել Արցախի ՄԻՊ–ը։ Մարդու իրավունքների պաշտպան լինել անարդար իրավիճակում` անարդար Արցախի, նրա բնակիչների նկատմամբ։ Մենք խնդիր ունենք ճիշտ ձևով դա հանրությանը ներկայացնելու։ Ասել, որ մեծ հաջողություններ ենք ունեցել, ցավոք, չեմ կարող։ Բայց սա այն աշխատանքն է, որ անընդհատ պիտի տարվի

Մեր խնդիրն այն է, որ միջազգային իրավապաշտպան ընկերությունների հետ անխոչընդոտ կապեր ունենալու հնարավորություն չունենք։ Որովհետև մենք ունենք հարևան, որ խոչընդոտում է ամեն նախաձեռնության, հատկապես, եթե դրանք վերաբերում են մարդու իրավունքներին` հաշվի առնելով հենց մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի, մեղմ ասած, վատ իրավիճակը»,–ասաց Մելիքյանը։

Իրեն հաջորդողին Մելիքյանը խորհուրդ է տալիս անընդհատ աշխատել միջազգային կառույցների հետ, շփումներ հաստատել։ «Սփյուռքի մեր կառույցների հետ աշխատանքներում մենք արդեն որոշակի հաջողությունների հասել ենք»,–հիշեցնում է նախկին պաշտպանը։