ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է լոնդոնյան ակումբի պատանի երկրպագուի հարցերին։
Նա հարցազրույցը տվել է վերջին հանդիպումից հետո, երբ ֆուտբոլի Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչում «Արսենալը» հաղթել է «Բրենտֆորդին»:
Տղան Մխիթարյանին հարցրել է` ինչպես է գնահատում «Արսենալի» խաղը 10 բալանոց սանդղակով։ Մխիթարյանը պատասխանել է` 8։
«Եթե մենք գոլ բաց չթողնեինք, երևի 9 կգնահատեի։ Ամեն դեպքում կարևորն այն է, որ մենք անցանք հաջորդ փուլ»,- ասել է ֆուտբոլիստը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է մտածում դարպասապահ Բերն Լենոյի խաղի մասին` Մխիթարյանը նշել է, որ սա Լենոյի երկրորդ խաղն է եղել «Արսենալի» կազմում, և նա հրաշալի է խաղացել։ Հայ ֆուտբոլիստի կարծիքով` Լենոն ցույց տվեց, որ պատրաստ է խաղալ, իսկ թիմն ամեն բան անում է նրան օգնելու համար։
«Իսկ դուք ինչպե՞ս խաղացիք»,- հարցրել է տղան։ «Չգիտեմ, դու պետք է ասես»,- պատասխանել է Մխիթարյանը։
«Դուք շատ լավ խաղացիք»,- վստահեցրել է պատանին։ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել նրան։