ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Կառավարությունը որոշեց 32 միլիոն դրամ տրամադրել քրեակատարողական համակարգում գնումներ կատարելու համար: Մասնավորապես՝ 18 միլիոն դրամ 40 համակարգիչներ, 20 տպիչներ, UPS համակարգեր և այլ տեխնիկա ձեռք բերելու համար:
«Մոտ 10 տարի է ՔԿՀ-ում օգտագործում են հին համակարգիչներ՝ պենտիում 3, 4 համակարգիչներ, որոնց պահեստամասերն արդեն շահագործումից դուրս են եկել, որոնց համակարգչային ծրագիրը չի սպասարկվում» — կառավարության այսօրվա նիստում ասաց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Կոշ», «Հրազդան» քրեակատարողական հիմնարկներում շատ վատ վիճակում է գտնվում ջրահեռացման համակարգերը և անհրաժեշտ է դրանք վերակառուցման աշխատանքները կատարել, նախատեսվում է 14 միլիոն դրամ տրամադրել շինաշխատանքների նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմման համար։
Ըստ Հովհաննիսյանի` հետագայում արդեն կփորձեն գումար հայթայթել բուն շինարարական աշխատանքները կատարելու համար։