Փաշինյանի կառավարությունը 2019թ–ին չի մեծացնի բյուջեի «պարտքի փոսը»

Պետական պարտքի բարձրացում չի նախատեսվում, ավելին` մինչև 2023թ–ը ցանկանում են այդ պարտքը հասցնել ՀՆԱ 49,8 տոկոսի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի բյուջեի դեֆիցիտը 2019թ-ին գրեթե չի աճի։ Այս մասին նշված է հաջորդ տարվա բյուջեի նախագծում, որը հավանության արժանացավ սեպտեմբերի 27-ին կառավարության նիստում։

Հայաստանի 2019թ–ի բյուջեի նախագիծ. նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների չափը կփոխվի՞

Մասնավորապես, պակասուրդը կկազմի 151,6 միլիարդ դրամ։ Այդ թվում` պակասուրդի 53 մլրդ դրամը կփակվի ներքին աղբյուրներից, իսկ մոտ 99 միլիարդը` արտաքին։

2019թ-ին հարկային քաղաքականությունն ավելի խիստ կլինի, քան 2015-16թթ-ին (այն մեղմացրել էին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար)։

2017թ-ի վերջի դրությամբ` Հայաստանի կառավարության ընդհանուր պարտքը կազմել է ՀՆԱ-ի 53,7 տոկոսը։ Մինչև 2023թ-ը այն նախատեսվում է նվազեցնել մինչև 49,8 տոկոս։

Նկատելիորեն կաճեն բյուջեի ծախսերը` 1 տրիլիոն 465 միլիարդ դրամից մինչև 1 տրիլիոն 613 միլիարդ դրամ։ Եկամուտները կաճեն 1 տրիլիոն 342 միլիարդ դրամից մինչև 1 տրիլիոն 534 միլիարդ դրամ։