ԶՈւ–ն թիկունքի նոր պետ ունի

ՀՀ նախագահը թիկունքի պետ է նշանակել Ռոմիկ Մարգարյանին։ Առաջարկն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ վարչապետի առաջարկությամբ, հրամանագիր է ստորագրել Ռոմիկ Մարգարյանին ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ նշանակելու մասին: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Նիկոլ Փաշինյանի առաջարկով ԶՈւ թիկունքի պետն ազատվեց պաշտոնից

2002թ-ին գնդապետի կոչման արժանացած Ռոմիկ Մարգարյանը ծնվել է 1963թ-ին, Արագածոտնի մարզի Ոսկեթաս գյուղում։

1981-83թթ-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը, ՀՀ ՊՆ սպայական բարձրագույն դասընթացները, ՌԴ ԶՈՒ ընդհանուր բարձրագույն ռազմական ակադեմիան։

1989-92թթ-ին՝ որպես Բաղրամյանի շրջանի ՀՅԴ կուսակցության կամավորական ջոկատի հրամանատար, մասնակցել է Արցախյան ազատամարտին։

1992-94թթ-ին եղել է Շուշիի առանձնակի գումարտակի շտաբի պետ, 1994-96թթ-ին՝ հրամանատարի տեղակալ, ապա՝ հրամանատար։

1989-94-ին մասնակցել է Իջևանի, Շամշադինի, Նոյեմբերյանի և ԼՂՀ Շահումյանի, Գետաշենի, Մարտակերտի, Աղդամի, Կուբաթլուի, Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբրայիլի, Քելբաջարի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով, ՀՀ «Արիության» և ՊՆ «Մարշալ Բաղրամյան-100» մեդալներով։

2013թ-ից մինչև 2018թ-ի օգոստոս ամիսը ՀՀ զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնում էր Նորայր Յոլչյանը։