ԱԱԾ–ն խոստանում է նորություններ հայտնել Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասին

Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։ Եզրակացությունը պատրաստ կլինի մոտ ապագայում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը։ Այսօր կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։

«Արդեն ուսումնասիրություն է կատարվում, և առաջիկայում մենք կհրապարակենք արդյունքները», — ասաց Վանեցյանը։

Հիշեցնենք` Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Հուլիսի 27-ին երկրորդ նախագահը կալանավորվել էր: Սեպտեմբերի 4-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինվել էր չհեռանալու մասին ստորագրությամբ: