Երևանում 14-ամյա դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Պատանիները վիճաբանել են Նանսենի անվան այգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ վիրավորը Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 14-ամյա Հովհաննես Ս.-ն է, որը սովորում է Նոր Նորք վարչական շրջանի դպրոցներից մեկում։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ։

Մինչ բժիշկները ձեռնարկել են անհրաժեշտ օգնություն, Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Հ. Ս.-ին դանակով հարվածել է Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ նույն վարչական շրջանի մեկ այլ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ՝ 14-ամյա Վահե Մ.-ն։

Պարզվել է նաև, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը, ժամը 15։00-ի սահմաններում, Նոր Նորքի 1-ին զանգվածի Նանսենի անվան այգում։

Վահե Մ.-ն բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանություն, բացատրություն տվել կատարվածի մասին, որից հետո քննիչի որոշմամբ հանձնվել է ծնողների հսկողությանը։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։