ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանում նվազագույն աշխատավարձը և աշխատանքային կենսաթոշակները նույնը կմնան։ Այս մասին նշված է Հայաստանի 2019թ-ի պետբյուջեի նախագծում, որը սեպտեմբերի 27-ին ներկայացվեց կառավարության նիստում։
Նվազագույն աշխատավարձը (հարկերի գանձումից հետո) կմնա 55 հազար դրամի մակարդակում (մոտ 115 դոլար)։
Չի փոխվի նաև աշխատանքային կենսաթոշակի չափը։ Նվազագույն կենսաթոշակը կկազմի 16 հազար դրամ, իսկ աշխատանքային փորձի համար ավելացումը` տարեկան 800 դրամ` ստաժի առաջին 10 տարիների համար և 500 դրամ` հաջորդ տարիների։
Միջին կենսաթոշակը կավելանա 800 դրամով` 39,4 հազար դրամից հասնելով մոտ 40,2 հազարի։ Թոշակառուների թիվը 445,6 հազարից կավելանա մինչև 461,5 հազար մարդ։
Նշենք, որ Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղը հաշվարկում է Ազգային վիճակագրական կոմիտեն։ Բայց այդ հաշվարկը պաշտոնական ուժ չունի, այսինքն կառավարությունը պարտավոր չէ դրա հետ կապել պետական հատվածի աշխատավարձերը և կենսաթոշակները։ Այդ նվազագույն սպառողական զամբյուղը գերազանցում է թե՛ միջին կենսաթոշակը, թե՛ նվազագույն աշխատավարձը։ Այն կազմում է ամսական 62 330 դրամ մեկ անձի համար։
Արդյունքում կենսաթոշակների ծախսերը կավելանան մոտ 6 տոկոսով և կկազմեն մոտ 223 միլիարդ դրամ։
Կարիքավոր ընտանիքների նպաստի միջին չափը կազմում է 31,4 հազար դրամ, այն կստանա մոտ 105 հազար ընտանիք, ինչպես և անցած տարի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գնահատականով` հանրապետությունում աղքատության մակարդակը կազմում է 29,4 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը` 1,8 տոկոս։
Երկրորդ երեխայի ծննդյան նպաստը 50 հազար դրամից կդառնա 150 հազար դրամ։
2019թ-ին միջին սպայական աշխատավարձը կկազմի 705 հազար դրամ` 2018թ-ի 68,1 հազարի փոխարեն։ Սպաների թիվը, որոնք կենսաթոշակի են անցել երկարամյա ծառայության համար, կավելանա 2 340-ով և կկազմի 32 508 մարդ։