Մինչև տարեվերջ մոտ մեկուկես միլիարդ դրամ կվերադարձվի Հայաստանի բյուջե. Սանասարյան

Մի շարք ընկերությունների ղեկավարներ պատրաստ են փոխհատուցել վնասը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի — Sputnik. Առաջիկա ամիսներին մոտ 1,5 միլիարդ դրամ (ավելի քան 3 միլիոն դոլար) կվերադարձվի երկրի բյուջե, լրագրողներին ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։

«Կարող եմ պաշտոնապես հայտարարել, որ առաջիկա 3 ամիսներին մոտ 1,5 միլիարդ դրամ կվերադարձվի բյուջե», — ասաց Սանասարյանը։

Նրա խոսքով` այդ գումարները կվերադարձվեն «Բարձրավոլտ էլեկտրացանցերում», «Հայաստան-սփյուռք» ՊՈԱԿ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում անցկացված ստուգումների արդյունքում։

Նա նշեց, ար այդ կառույցների ղեկավարները համաձայնել են փոխհատուցել պետությանը հասցված վնասը։

Սեպտեմբերի սկզբին Սանասարյանը հայտնել էր, որ անցած 100 օրերի ընթացքում ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Բարձրավոլտ էլեկտրակայաններ» ՓԲԸ-ում, «Լուսանշան» ՊՈԱԿ-ում, «Ուկրինվեստ» ընկերությունում, «Հայաստան-սփյուռք» ՊՈԱԿ-ում և Հայաստանի ագրարային համալսարանում։