ՌԱԴԻՈ

Զեյնալյան. «Գաղտնալսման առաջարկը ոչնչացնելու նպատակով դրա պահանջարկի պտուղներից չեմ օգտվի»

ՀՀ արդարադատության նախարարը Sputnik Արմենիայի եթերում խորհուրդ է տալիս չօգտվել գաղտնալսումների պահանջարկի պտուղներից։
Sputnik
Արտակ Զեյնալյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում կայացրած դատավորի` Վաչե Մարգարյանի նկատմամբ գնահատական պիտի տա նախաքննական մարմինը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` ձեռնպահ մնալով դատավորի` պաշտոնյաներին զանգահարելու հարցը մեկնաբանելուց։

«Այդ ուղղությամբ իրականացվում է նախաքննություն, և փաստերին գնահատական պիտի տա հենց այդ մարմինը։ Արդարադատության նախարարն ու պետական պաշտոնյաները պետք է ձեռնպահ մնան նախապես դիրքորոշումներ հայտնելուց։ Դա կարող է տպավորություն ստեղծել, որ ազդեցություն է եղել իրավասու մարմնի որոշման վրա»,- ասաց Զեյնալյանը։

Իսկ ինչ վերաբերում է ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման սկանդալային դեպքին, որի ընթացքում հնչել էր նաև Վաչե Մարգարյանի անունը, Զեյնալյանը գաղտնալսման դեմ պայքարի իր բանաձևն առաջարկեց. «Գաղտնալսումների առաջարկը ոչնչացնելու նպատակով դրա պահանջարկի պտուղներից ես երբեք չեմ օգտվելու և ձեզ էլ խորհուրդ եմ տալիս չօգտվել դրանցից, ուստի դրա բովանդակությանը ես չեմ անդրադառնա»։