ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը։
Զրուցակիցները կարևորել են տնտեսական համագործակցության զարգացումը և նշել, որ այն զգալիորեն զիջում է երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակին:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերություններն ունեն առանձնահատուկ բնույթ և պետք է շարունակեն զարգանալ բարեկամական ամուր կապերի հիմքի վրա:
Հասան Ռոհանին էլ նշել է, որ երկու երկրների միջև առկա է վստահության բարձր մակարդակ: Իրանի նախագահի խոսքով` իր երկրում կարևոր դերակատարություն ունի հայ համայնքը, որը մեծ հարգանք է վայելում իրանցիների շրջանում:
Խոսելով տնտեսական փոխգործակցության մասին` Հասան Ռոհանին համոզմունք է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության հետ ստորագրված ազատ առևտրի գոտու ձևավորմանը միտված համաձայնագիրը ևս հնարավորություն կտա ավելի խորացնել հայ-իրանական տնտեսական գործակցությունը:
Նիկոլ Փաշինյանը և Հասան Ռոհանին անդրադարձել են էներգետիկայի, ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությանը, լոգիստիկ պայմանների բարելավմանը վերաբերող հարցերի:
Հասան Ռոհանին վարչապետ Փաշինյանին հրավիրել է Իրան և համոզմունք հայտնել, որ, այցը հնարավորություն կընձեռի առավել ընդգրկուն քննարկելու երկկողմ համագործակցությունն ընդլայնելու ուղիները: