Բաքու մեկնող ինքնաթիռի ուղևորը սպառնացել է ռումբ պայթեցնել

Տղամարդը պահանջել է իրեն բիզնես դաս տեղափոխել, բայց չի պատկերացրել, որ հարմարավետ բազկաթոռին տեղափոխվելու ձգտումը կարող է այդքան լուրջ հետևանք ունենալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Նովոսիբիրսկ-Բաքու ավիաչվերթի ուղևորը սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը, երբ հրաժարվել են նրան բիզնես դաս տեղափոխել։ Կեղծ ահաբեկչության մասին հոդվածով քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Սիբիրի դաշնային օկրուգի ՆԳՆ վարչությանը։

«Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ Կրասնոյարսկի 51-ամյա բնակիչը պահանջել է իրեն էկոնոմ դասից բիզնես դաս տեղափոխել։ Օդանավի անձնակազմը նրան մերժել է։ Ի պատասխան տղամարդը հայտարարել է, որ ռումբ ունի և սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը», — գրված է հաղորդագրության մեջ։

Ուղևորներին արագ տարհանել են, իսկ օդանավը` զննել։ Պայթուցիկ նյութ կամ սարք չի հայտնաբերվել։ Դրանից հետո օդանավը մեկնել է Բաքու։

Տղամարդուն «Տոլմաչևո» օդանավակայանի` Ռուսաստանի ՆԳՆ գծային բաժնի հերթապահ մաս են տեղափոխել։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 207-րդ հոդվածի 2-րդ մասով (ահաբեկչության մասին կեղծ հաղորդում)։ Նրան մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում։