Հայտնի է Վլադիմիր Պուտինի երևանյան այցի մոտավոր ժամկետը. Ուշակով

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ Փաշինյանն ու Պուտինն արդեն երեք անգամ հանդիպել են և մինչև տարեվերջ ևս երեք անգամ կարող են հանդիպել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը քննարկվել է, բայց քիչ հավանական է, որ այդ այցը մինչև տարեվերջ լինի։ Այսօր այս մասին լրագրողներին է ասել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի հայաստանյան այցը կազմակերպելու հնարավորությունը, բայց կոնկրետ ժամկետներ դեռ չեն քննարկվում», — ասաց Ուշակովը ճեպազրույցում։

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Ուշակովը Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հնարավոր հանդիպումներ է կանխատեսել ԱՊՀ գագաթնաժողովում, ՀԱՊԿ նստաշրջանում և ԵԱՏՄ գագաթաժողովում։

«Ակնհայտ է, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթաժողով), այլ նաև Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանում։ Դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը, ինչը առաջնորդներին կարճ զրույց ունենալու հնարավորություն կտա։ Այցի (Հայաստան` խմբ.) կամ ինչ-որ ժամկետների մասին հարցը դեռ չի քննարկվում։ Կարծում եմ, որ այցը հավանաբար հաջորդ տարի կլինի», — ավելացրել է նա։

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հանդիպումը տեղի է ունեցել բոլորովին վերջերս։

«Այս տարի նրանք արդեն հանդիպել են երեք անգամ, բավական հանգամանալից քննարկումներ են եղել։ Մասնավորապես, վերջին անգամ նախագահը և վարչապետը զրուցել են մոտ երեք ժամ, իսկապես հանգամանալից են զրուցել», — ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր հայտնել է, որ Պուտինի այցը պաշտոնական բնույթ է ունենալու։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Վլադիմիր Պուտինին հրավիրել է Երևան, և նրանք պայմանավորվել են, որ այցը կկայանա մոտ ապագայում։