Հայաստանը պատրաստ է սահմանախախտ տղային Թուրքիա ուղարկել. ԱԳՆ

Հայաստանի սահմանը խախտած թուրք տղայի հայրը դիմել է հայկական կողմին` խնդրելով գթասիրտ լինել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայի 16-ամյա քաղաքացուն Հայաստանը պատրաստ է հետ ուղարկել հայրենիք։ Այս մասին այսօր ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Օգոստոսի սկզբին 16-ամյա Ումութ Ալի Օզմենը ապօրինի հատել էր հայ-թուրքական սահմանը։ Նրան ձերբակալել էին ռուս սահմանապահները և փոխանցել հայկական կողմին։

«Հայրը դիմել է Հայաստանին` խնդրելով գթասիրտ լինել որդու նկատմամբ։ Գործը դադարեցվել է, սպասում ենք թուրքական կողմի պատասխանին նրան հայրենիք ուղարկելու համար», — ասաց Բալայանը։

Տղայի հայրը` Մուսթաֆա Օզմենը, սեպտեմբերի 24-ին Հայաստան է ժամանել որդուն Թուրքիա ուղեկցելու համար։

Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Թուրքիայի քաղաքացի 16-ամյա Ումութ Ալի Օզմենն ազատվել է կալանքից։

Տղայի նկատմամբ հարուցած քրեական գործը դադարեցվել է, խափանման միջոցը` վերացվել։