Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հրաժարական է ներկայացրել

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հայտարարել է, որ հրաժարական է ներկայացրել` շնորհակալություն հայտնելով իր աշխատակազմին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը որոշել է հեռանալ պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է Facebook սոցիալական ցանցում` նշելով, որ որոշումը կայացրել է դեռ 1-2 ամիս առաջ։

Մելիքյանը հայտնում է, որ ավարտելով Ադրբեջանում հայատյացության փաստերի և 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ սկսած փաստահավաք գործառույթը` իրեն իրավունք է վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումը, այն է՝ հրաժարվել Արցախի ՄԻՊ-ի պաշտոնից։

«Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենևին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ և փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել»,- գրել է Մելիքյանը։

Ռուբեն Մելիքյանը նաև խորին շնորհակալություն է հայտնել իր աշխատակազմին` նշելով, որ հպարտ է նրանցով։

Մելիքյանն այդ պաշտոնը ստանձնել էր 2016 թվականի մայիսի 5-ին` ապրիլյան քառօրյա պատերազմից շուրջ 1 ամիս հետո։