Ալիկ Սարգսյանը բարկացել է. նախկին ոստիկանապետին հայհոյում են Facebook–ում

ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը զայրացած է իր հասցեին հնչող մեկնաբանություններից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դժգոհ է Facebook սոցիալական ցանցում իր հասցեին հնչող վիրավորանքներից։ Այսօր ԱԺ-ում նա այդ մասին ասաց լրագրողներին։

«Այդ խաժամուժը, որ իրեն այդպես լկտի է պահում Ֆեյսբուքում, արդյո՞ք ժողովուրդն է։ Սա ժողովուրդը չէ։ Այդ ժողովրդի մեջ աշխատող, մտածող մարդիկ կան, առողջ կորիզ կա, ուղեղ ունեցող մարդիկ կան»,- ասաց Սարգսյանը` վստահեցնելով, որ սխալ է այն կարծիքը, թե հայ ժողովուրդն այլևս չի հանդուրժում ՀՀԿ-ականներին` անգամ Facebook-ում։

Իսկ ժողովրդի վերաբերմունքը, պատգամավորի դիտարկմամբ, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն էին, որոնց համաձայն` «Իմ քայլը» դաշինքն 80% ձայն հավաքեց։

Որքա՞ն գումար է Ալիկ Սարգսյանը տվել նախկին մարզպետին. նոր բացահայտումներ

«Այն, որ իմ հասցեին համատարած հայհոյանք պիտի լինի միայն այն բանի համար, որ ես ՀՀԿ անդամ եմ, կարծում եմ` բարոյական չէ և շատ սխալ է»,- ասաց նա։

Հիշեցնենք` 2018թ-ի հուլիսի 4-ին ՀՀ նախկին ոստիկանապետը Հայաստանի քննչական կոմիտե դիմում էր ներկայացրել այն մասին, որ Արարատի նախկին մարզպետ Վարդգես Հովակիմյանը, 2012թ-ից սկսած, նրանից խոշոր չափի գումար է պահանջում` հակառակ դեպքում սպառնալով վարկաբեկող տեղեկություններ հրապարակել։

Հետաքննության ընթացքում նախկին մարզպետն իր հերթին հաղորդել է քննիչներին, որ ոստիկանության նախկին պետից փող չի պահանջել։ Ավելին` Հովակիմյանը հայտնել է, որ 2008թ-ին անձամբ փող է փոխանցել Սարգսյանին, որն այդ պահին եղել է հանրապետության ոստիկանապետը, որպեսզի այդ կառույցում աշխատանքի տեղավորի իր նախկին աշխատողի որդուն։ Միաժամանակ, նախկին մարզպետի վարկածով, Սարգսյանն իր խոստումը չի կատարել, բայց փողն այդպես էլ չի վերադարձրել։

Ալիկ Սարգսյանը հերքում է այս մեղադրանքները։

Քննչական կոմիտեում քննությունը շարունակվում է։