«Ես ձեզ բոլորիդ սպասում եմ ու սիրում». Ալեքսեյ Չումակովը տեսաուղերձ է հղել երևանցիներին

Հանրահայտ երգիչ Ալեքսեյ Չումակովը հայերին սեր է խոստովանել իր տեսաուղերձում, որը հրապարակվել է Facebook սոցիալական ցանցում։
Sputnik

«Ողջույն, Երևան։ Շատ շուտով մենք կհանդիպենք, և ես շատ երջանիկ կլինեմ, եթե բոլորիդ տեսնեմ հիասքանչ Երևանում, որտեղ տեղի կունենա իմ համերգը` մեծ և, ինչպես միշտ, զգացմունքային։ Բոլորիդ սպասում եմ և սիրում։ Միշտ ձեր Ալեքսեյ Չումակով»,- ասում է նա իր տեսաուղերձում։

Չումակովը ելույթ կունենա «Արամ Խաչատրյան» համերգասրահում հոկտեմբերի 21-ին, ժամը 19:00-ին։

Նա Երևանում կներկայացնի իր «Երկինքը քո աչքերում» («Небо в твоих глазах») ալբոմը, որը «Տարվա լավագույն ալբոմ» է ճանաչվել Fashion TV-ի Fashion New Year Awards 2018-ի արդյունքներով:

Հիշեցնենք, որ Չումակովի երակներում նաև հայի արյուն է հոսում։ Նա ծնվել է 1981 թ. Ուզբեկստանում։ Մայրը՝ Լիլիա Ավանեսովնան, հայ է, ծնունդով՝ Լեռնային Ղարաբաղից։ 2003 թվականին Չումակովը դարձել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ժողովրդական արտիստ» երաժշտական ռեալիթի շոուի առաջին շրջանի մրցանակակիր։ 2013 թվականին ճանաչվել է ռուսական Առաջին ալիքի «Один в один!» հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի հաղթող։ 2014 թվականին ընդգրկված է եղել «Ռոսիա-1» հեռուստաալիքով ցուցադրվող այդ շոուի երկրորդ շրջանի ժյուրիի կազմում։