Ադրբեջանի մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից. Փաշինյան

ՀՀ վարչապետը ՄԱԿ–ի ամբիոնից խոսել է Արցախի մասին` ևս մեկ անգամ վերահաստատելով, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է գերակշռել մեր արտաքին քաղաքական օրակարգում: Արցախի Հանրապետության կարգավիճակը և անվտանգությունը լինելու է Հայաստանի Հանրապետության բացարձակ առաջնահերթությունը բանակցային գործընթացում: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում։

Արցախի հարցով սպեկուլյացիա անելն աններելի է. Սարգսյանը` ցանցում տարածվող տեսանյութի մասին

«Հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար: Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ:

«Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն»,- շեշտել է վարչապետը:

Նա ևս մեկ անգամ վերահաստատել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Փաշինյանը երախտագիտություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերի և մոտեցումների հանդեպ իր անվերապահ աջակցության համար: