Հայաստանը կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը. Փաշինյան

ՀՀ վարչապետը հարց է բարձրացրել` ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում»: Նյու Յորքում ելույթ ունենալով Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը` ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մանդելայի խոսքերը ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան

«Ես գալիս եմ մի տարածաշրջանից, որտեղ, ցավոք սրտի, արյունոտ հակամարտությունները, կոռումպացված կառավարման համակարգը և մարդկանց միջև թշնամանքը հաճախ ստվերում են սիրո իմաստությունն ու խաղաղ գոյակցության անհրաժեշտությունը: Ասում են, թե ժողովրդավար ազգերը միմյանց դեմ չեն պատերազմում: Հույս ունեմ, որ մի օր մեր տարածաշրջանի ժողովրդավարական զարգացումը բացառելու է ռազմական գործողությունները, պատերազմների և ատելության ռիսկերը: Հայաստանը հաստատապես ընթանում է այս ճանապարհով և անվերապահորեն կողմ է տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և հաշտեցմանը»,–ասել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ այս տարի նշվելու է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դատապարտման ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման յոթանասուներորդ տարեդարձը:

Նա ընդգծել է, որ սա մեզ ևս մեկ հնարավորություն է ընձեռում խորհելու, թե ինչու առայսօր մարդկությունը պաշտպանված չէ խտրականությունից, անհանդուրժողականությունից, այլատյացությունից, հալածանքից և մարդկության դեմ ուղղված այլ հանցագործություններից:

«Նելսոն Մանդելայի կյանքն ու պայքարը մեզ հուշում են, թե ինչ քայլեր են անհրաժեշտ և ինչ կարելի է անել, քանզի նա քարոզում էր, որ «ոչ ոք չի ծնվում ուրիշին ատելու համար…, և եթե մարդիկ կարող են սովորել ատել, ուրեմն նրանց կարելի է նաև սովորեցնել սիրել միմյանց»,–ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։