ԱՄՆ–ում հայերի ներկայության 400 տարին.Փաշինյանն այցելել է Նյու Յորքի «Արմենիա» ցուցահանդես

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես։ Իր ելույթում նա անդրադարձել է ԱՄՆ–ում հայերի ու հայկական մշակույթի 400– ամյա պատմությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. 2018 թվականը խորհրդանշական տարի է, որի ընթացքում զգալիորեն ամրապնդվել են հայ-ամերիկյան մշակութային կապերը: Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես այցելության ժամանակ ասել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մանդելայի խոսքերը ոգեշնչում էին սկսելու իմ սեփական քայլարշավը հանուն ազատության. Փաշինյան

Ինչպես հաղորդում է կառավարության պաշտոնական կայքը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ վարչապետը շրջայց է կատարել ցուցասրահներով, ծանոթացել ներկայացված 4-17-րդ դարերի հայկական արվեստի ու մշակույթի լավագույն նմուշներին։

«Այս տարի հայկական մշակույթը ներկայացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում աննախադեպ ձևով՝ մոտեցնելով Հայաստանի մշակութային և քաղաքակրթական ժառանգությունը մեր ամերիկացի բարեկամներին: Այս տարի նշվում է ամերիկյան հողում հայկական ներկայության 400 ամյակը: 1618 թվականին առաջին հայը՝ Մարտին անունով, հասել է Վիրջինիայի ափերին և բնակություն հաստատել Ջեյմսթաունում: Այդ օրվանից ի վեր մեր հայրենակիցների ներկայությունն այս հողի վրա չի ընդհատվել, ինչպես և նրանց ներդրումն իրենց նոր հայրենիքի մշակույթի մեջ»,– ասել է Փաշինյանը։

Ցուցահանդեսում ներկայացված են հայկական ժառանգության 14 դարերի անգին գլուխգործոցները, որոնք ամբողջ աշխարհից հավաքվել են Մետրոպոլիտենում։ Փաշինյանը հույս է հայտնել, որ ցուցահանդեսը Միացյալ Նահանգներում կփոխի Հայաստանի և հայկական արվեստի նկատմամբ ընկալումն ու գնահատականը:

1 / 2
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես
2 / 2
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նյու Յորքի հանրահայտ Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» ցուցահանդես

Ներկայացված ավելի քան 140 նմուշների թվում են պատկերազարդ ձեռագրեր, եկեղեցիների մանրանկարներ, խաչքարեր, տպագիր գրքեր և այլ եզակի ցուցանմուշներ, ներառյալ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի, Թորոս Տարոնացու, Հակոբ Ջուղայեցու, Գրիգոր Տաթևացու ստեղծագործություններ։

Փաշինյանը շեշտել է, որ նման ցուցադրությունն իրականություն է դարձել Մետրոպոլիտեն թանգարանի հայազգի գիտաշխատող դոկտոր Հելեն Էվանսի և նրա գործընկերների ջանքերով, շնորհակալություն է հայտնել նաև թանգարանի նախագահ Դանիել Վայսին, թանգարանի տնօրեն Մաքս Հոլիին, միջոցառման համակարգողներին, ինչպես նաև բոլոր անհատ նվիրատուներին, հիմնադրամներին, Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքարաններին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Armenia խորագրով ցուցադրություն՝ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում

Իր ելույթում վարչապետը նաև հիշեցրել է, որ այս տարի հայկական մշակույթն արդեն ներկայացվել է Վաշինգտոնում, ազգային Մոլում, Սմիթսոնյան ժողովրդական կյանքի փառատոնի շրջանակում։ Սա, Փաշինյանի գնահատմամբ, աննախադեպ հնարավորություն էր հայկական մշակույթն ամերիկյան հասարակությանն ու աշխարհի տարբեր անկյուններից ժամանած հազարավոր զբոսաշրջիկներին ներկայացնելու:

«Մի քանի շաբաթ առաջ մեր երկու ժողովուրդները միասին նշեցին Պուլիտցերյան մրցանակակիր, դրամատուրգ և գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը: Սարոյանի ժառանգությունը նշելու նպատակով, որը թանկ է մեր երկու ժողովուրդների համար, հեղինակի հայրենի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում բացվել է Սարոյանի թանգարանը»,– ասել է վարչապետը։

Իսկ Մետրոպոլիտենի բացառիկ ցուցահանդեսը Փաշինյանն անվանել է ԱՄՆ–ում Հայաստանի համար աննախադեպ իրադարձային, մշակութային տարվա գագաթնակետ։