Ցուցադրում ենք մեր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքում. Գարեգին Բ

Ցուցահանդեսի գլխավոր համադրող Հելեն Էվանսին Գարեգին 2–րդ կաթողիկոսը շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. «Մենք պաշտպանել ու պահպանել ենք այն ամենը, ինչ մեզ բնորոշում է իբրև ազգ ու ժողովուրդ՝ մեր հայրենիքը, մեր լեզուն, մեր եկեղեցիները, մեր գիրը, սրբությունները և հավատքը»։ Ելույթ ունենալով Նյու Յորքի «Մետրոպոլիտան» արվեստի թանգարանում կազմակերպված «Հայաստան» ցուցահանդեսի բացման արարողությանը` ասել է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

ԱՄՆ–ում հայերի ներկայության 400 տարին.Փաշինյանն այցելել է Նյու Յորքի «Արմենիա» ցուցահանդես

Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

«Մեր կրոնը, մեր ազգային եկեղեցին է մեզ օգնել ապահովել մեր ազգային զարգացման անընդհատությունը այն դժնդակ տարիներին, երբ զուրկ ենք եղել պետականությունից։

Եվ այսօր այստեղ ենք. ժամանակին համընթաց ապրող ազգ, որը հպարտորեն ցուցադրում է իր աստվածատուր ազգային մշակույթի հարստությունը Նյու Յորքի Մետրոպելիտան թանգարանում՝ արժանավոր տեղ զբաղեցնելով աշխարհի մեծ ժողովուրդների կողքին»,–ասել է կաթողիկոսը։

Բացման խոսքից հետո Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է փոխանցել Հայաստանի բոլոր բարեկամներին, իսկ ցուցահանդեսի գլխավոր համադրող դոկտ. Հելեն Էվանսին, ի նշան հայ ժողովրդի երախտագիտության, շնորհել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան: