ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանը, որին ներկա են եղել նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքային քննարկումներին մասնակցող բազմաթիվ պետությունների առաջնորդներն ու կառավարությունների ղեկավարները:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է ողջույնի խոսքով դիմել Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովին, որը ոգեկոչում է այդ սրբադաս քաղաքական առաջնորդի հարյուրերորդ տարեդարձը: Մանդելայի կերպարը խորհրդանշում է խաղաղություն և մարդկային արժանապատվություն, միաժամանակ մարմնավորելով աննկուն պայքար և կարեկցանք»,–ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ Նելսոն Մանդելան առաջնորդի իր տեսլականն է:
«Լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ ես մտովի վերարծարծում և վերապրում էի այդ նշանավոր քաղբանտարկյալի քաղաքական ուղին և կյանքի պատմությունը, որը պիտի փոխեր իր երկիրը և, իհարկե, իրագործեր միլիոնավոր մարդկանց ձգտումները: Ինչպես Մանդելան մի առիթով ասել է. «Ես հանկարծ հասկացա, որ քաջությունը ոչ թե վախի բացակայությունն է, այլ հաղթանակը նրա նկատմամբ: Քաջ մարդը ոչ թե նա է, ով չի վախենում, այլ նա, ով հաղթահարում է այդ վախը»: Այս խոսքերը, որ մեծապես ազդել են իմ գիտակցության վրա, նպաստել իմ քաղաքական ինքնության և տեսլականի ձևավորմանը, ինձ ոգեշնչում էին սկսելու իմ սեփական «քայլարշավը հանուն ազատության» իմ երկրի քաղաքներում և այլ բնակավայրերում:
Տոգորված Մանդելայի իդեալների ճշմարիտ ոգով՝ մեր շարժումն աշխարհին հայտնի դարձավ որպես «Հայկական սիրո և համերաշխության ոչ բռնի թավշյա հեղափոխություն»: Եվ հիմա, մեր ժողովրդի հաջողություններից մի քանի ամիս անց, ես այս գագաթաժողովի բարձր ամբիոնում կանգնած եմ որպես ժամանակակից Հայաստանի կառավարության ղեկավար` արժևորելու այդ մեծ մարդու ժառանգությունը, ում քաջությունը և վճռականությունը օրինակ են ծառայում բովանդակ մարդկությանը»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք է մեկնել մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։