Նախկին փոխոստիկանապետի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել

Ներքին զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանի փաստաբանի հետագա քայլերը կախված կլինեն Հատուկ քննչական ծառայության որոշումից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Լևոն Երանոսյանին կանչել են ՀՔԾ

Այս մասին Sputnik  Արմենիային հայտնեց նրա փաստաբան Տիգրան Սաֆարյանը։

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Լևոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնական դիրքը չարաշահելու մեջ։ Սույն թվականի ապրիլի 16-ին և 22-ին` զանգվածային  բողոքի ակցիաների ժամանակ,  Երանոսյանի հրամանատարությամբ ոստիկանության ստորաբաժանումները հատուկ միջոցներ էին կիրառել ցուցարարների նկատմամբ։
Պաշտպանության հետագա գործողությունների մասին հարցին պատասխանելիս, դատապաշտպանը նշեց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե արդյոք ՀՔԾ–ն որոշում կկայացնի Երանոսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Որոշումը կայացվելու է մեկ շաբաթվա ընթացքում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երանոսյանը ՀՔԾ է հրավիրվել քննչական գործողություններ անցկացնելու համար։

Սկանդալային փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանն ազատվեց պաշտոնից

Երանոսյանի անվան հետ բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են կապված։ 2017 թվականի մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր եղել փոխոստիկանապետի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։ Երկու օր անց միջադեպն ավելի էր բորբոքվել․ դաշինքի երեք համակիրներ տարբեր վնասվածքներով՝ այդ թվում հրազենային, տեղափոխվել էին հիվանդանոց։

Հրապարակված տեսանյութով պարզվել էր, որ միջադեպին մասնակցել է նաև Լևոն Երանոսյանը։

Եվս մեկ սկանդալային պատմություն էր տեղի ունեցել այս տարվա ապրիլին բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է Երանոսյանը մոտենում ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանին, սպառնում նրան ու հայհոյում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ մայիսի 11-ին Երանոսյանը ազատվել էր պաշտոնից։