ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Բաթումում մեկնարկել է շախմատի 43-րդ օլիմպիադան:
Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականները հաղթանակներ են տարել առաջին տուրում: Այս մասին տեղեկանում ենք Բաթումի Հայ Առաքելական Սուրբ Փրկիչ եկեղեցու ֆեյսբուքյան էջից:
Վիճակահանությամբ մեր հավաքականներին բաժին էին հասել թույլ ընտրանիներ:
Հայ շախմատիստները 3,5: 0,5 հաշվով պարտության մատնեցին Ճապոնիայի հավաքականին: Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը հաղթեցին իրենց մրցակինցերին, իսկ ահա առաջին խաղատախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանը հաշտություն կնքեց միջազգային վարպետ Սինջա Կոյիմայի հետ:
Հայաստանի կանանց ընտրանին կրկին 3,5 հաշվով պարտության մատնեց Ղրղըզստանի թիմին: Այստեղ միավորներ վաստակեցին Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան չկարողացավ հաղթել Բեգիմայ կիզի Զաիրբեկին եւ ոչ-ոքի խաղաց: Երկրորդ տուրում մեր թիմի հավանական մրցակից կարող է դառնալ Սլովենիայի հավաքականը: