Երջանկություն է, երբ քեզ հասկանում են. ֆինանսների նախկին նախարարը նոր իշխանության մասին

Վիճակագրությունն անուղղակիորեն ցույց է տալիս, որ բանկերն ու բիզնեսը «զգուշավորություն» են ցուցաբերում։ Նրանց մտավախությունները փարատելու համար, պետք է հստակ բացատրել սեփական տնտեսական քաղաքականությունը, համոզված է Վարդան Արամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունը քաղաքացիներին և բիզնեսին պետք է կարողանա հստակ տեղ հասցնել սեփական գաղափարները։ Sputnik  Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախկին ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Հայաստանում «ղումարբազությունն» է խրախուսվում. ի՞նչն է աբսուրդ համարում Փաշինյանը

Շփվելու պատրաստակամությունը իշխանության համար շատ կարևոր որակ է։ Բայց միայն շփվելը բավարար չէ, պետք է հստակ ներկայացնել այն, թե ինչ ես առաջարկում փոխել օրենքներում և կանոններում։ Կառավարությունը պետք է հստակ հասկացնի, թե ինչ է մտադիր անել վաղը, մեկ ամիս կամ մեկ տարի անց։ Եվ եթե բիզնեսն ու հասարակությունը այդ հարցերի պատասխանը չեն ստանում, նրանք անցնում են «սպասման ռեժիմի»։ Այսինքն` քաղաքացիները կրճատում են ընթացիկ ծախսերը և հետաձգում խոշոր գնումները, իսկ բիզնեսն ավելի քիչ ներդրում է անում և նոր աշխատակիցներ չի փորձում ընդունել աշխատանքի։

Արդյո՞ք հիմա էլ է բիզնեսը «կուչ եկել». շտապողական եզրակացություններ անել պետք չէ, նշեց Արամյանը։ Այնուամենայնիվ, ԿԲ–ի հուլիսի տվյալներով, բանկերում կուտակվում է ավելորդ  իրացվելիություն։ Այսինքն` կուտակվում են անհրաժեշտից ավելի ազատ  գումարներ, որոնք «քնած են մնում» և տնտեսություն չեն մտնում։ Գործող նորմերի համաձայն ` բանկերը պետք է ունենան «անվտանգության բարձիկ». ցնցումների դեպում այստեղից բանկը կարողանա օպերատիվ կերպով ծածկել գումարների ամսական արտահոսքի 60%–ը։ Սակայն կան բանկեր, որոնց մոտ այս «բարձիկը» անհրաժեշտից ընդհուպ մինչև 10 անգամ ավել է։ Այսինքն, ըստ ամենայնի, բանկերը զգուշավորություն են ցուցաբերում բիզնես վարկավորման քաղաքականության մեջ (թեև նման միտում նկատվում էր նաև հին իշխանությունների օրոք)։

Բացի այդ, հուլիսին ներկայացրած 12-ամսվա տվայլներով, 27% –ով աճել են ձեռնարկությունների բանկային ներդրումները։ Այսինքն` բիզնեսը գերադասում է բանկ գումար դնել (գրեթե առանց ռիսկի),  քան ընդլայնել արտադրությունը` նոր ռիսկերից վախենալով։

«Եթե նման տրամադրություններ եք տեսնում, ապա քիչ է միայն ասելը, թե «մեզ մոտ հեղափոխություն է տեղի ունեցել, այժմ ամեն ինչ լավ կլինի»։ Պետք է բացատրել, թե ինչ է դա նշանակում բիզնեսի համար, ինչ ռիսկերից է այն այժմ երաշխավորված», – ընդգծեց Արամյանը։

Ինչու «Սպայկան» ու «Արմսանպրոդակտը» չեն կարող խոստումը կատարել. խոսքը միլիոնների մասին է

Այդ կայունությունը բիզնեսը պետք է տեսնի նաև առանձին օրինակների` օրինակ Ամուլսարի հանքավայրի, «Հարավկովկասյան երկաթուղու» կամ «Վեոլիա ջուր» ընկերությունների պատմության վրա։ Պետությունը նրանց այս կամ այն պահանջներն է ներկայացնում, որոնք նախկինում չի ներկայացրել։

«Որտեղ է ներդրում անում բիզնեսը։ Այնտեղ, որտեղ կանխատեսելիություն է տեսնում։ Այսինքն, եթե բիզնեսի դեմ պատժամիջոցներ են կիրառում, այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ինչ է նա խախտել  և ինչպես։ Դա պետք է հստակ հիմնավորել։ Հենց դա նկատի ունեի, երբ խոսում էի հաղորդակցման կարևորության մասին», – ընդգծեց Արամյանը։

Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը 2019-20 թվականներին մտադիր է միջազգային պետական նոր պարտատոմսեր թողարկել (եվրաբոնդեր)։ Որքան դրանք հուսալի են, այնքան պետությունն ավելի քիչ տոկոս կվճարի։ Իսկ հուսալի համարելու  համար, պետք է, որ ներդրողները քեզ հասկանան, ընդգծեց Արամյանը։

«Մենք խոսում էինք բիզնեսի մասին։ Սակայն այս ամենը  վերաբերում է նաև հասարակ քաղաքացուն։ Այսինքն` հայրենադարձությանը, որի մասին խոսում է նոր իշխանությունը», – նշեց նախկին նախարարը։

Մարդիկ իրենց համար նոր երկրում հիմնավորվել են, ունեն աշխատանք և կացարան։ Հետ վերադառնալու համար, նրանք պետք է իմանան, թե որտեղ են ապրելու և աշխատելու։ Իսկ դրա համար նրանք պետք է տեսնեն, թե որքանով է կանխատեսելի տնտեսական մթնոլորտը», – ավելացրեց նախարարը։

Հիշեցնենք, որ Արամյանը  ֆինանսների նախարարի պաշտոնն էր զբաղեցնում Կարեն Կարապետյանի կառավարությունում, որից հետո առաջարկ ստացավ մասնավոր հատվածից։