Ողբերգական դեպք. 1 ամիս առաջ վթարի հետևանքով քրոջը կորցրած երիտասարդը մահացել է վթարից

Արարատի մարզում վթարի զոհ դարձած երիտասարդ վարորդը մեկ ամիս առաջ Արմավիրի ճանապարհին վթարի հետևանքով կորցրել էր 16-ամյա քրոջը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Արարատի մարզում այսօր կեսօրին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, 12։10-ի սահմաններում Դաշտավան գյուղի վարչական տարածքում բախվել են BMW և ГАЗ 3102 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է։ Ականատեսների վկայությամբ մահացածը Արարատի մարզի բնակիչ, 23-ամյա Արտակ Հարությունյանն է։ Հավաքվածները պատմել են, որ 1 ամիս առաջ` օգոստոսի 29-ին, երիտասարդը դարձյալ վթարի էր ենթարկվել Արմավիրի մարզում, ինչի հետևանքով մահացել էր նրա 16-ամյա քույրը։

Կայքը հիշեցնում է, որ այդ օրը 22:30-ի սահմաններում Արտակ Հարությունյանն իր վարած ВАЗ 21015 մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի Արշալույս գյուղի վարչական տարածքում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ու տապալել ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակների 2 սյուներն ու գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով Ա. Հարությունյանն ու նրա ուղևոր 16-ամյա Ս. Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Արմավիրի բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց աղջիկը, գիտակցության չգալով, մահացել էր: