Հայաստանի և Ռուսաստանի ԶՈՒ միացյալ խմբավորման ստորաբաժանումները զորավարժություն կանցկացնեն

Մարտավարական զորավարժությունը կանցկացվի Հայաստանի տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հոկտեմբերի 8-ից 13-ը, զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն, ՀՀ ՊՆ մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում կանցկացվի ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն` մարտական հրաձգությամբ:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ զորավարժության թեման է՝ «Զորամասերի և ստորաբաժանումների բերումը մարտական պատրաստականության աստիճանի: ՀՀ պետական սահմանի պահպանության ուժեղացում, ՀՕՊ ուժերի ու միջոցների կիրառում, պաշտպանողական մարտի նախապատրաստում և վարում»:

Զորավարժության նպատակն է կատարելագործել համահավաք գնդի և գումարտակների հրամանատարների գործնական ունակությունները, ապահովել անձնակազմի գործողությունների ներդաշնակումը ստորաբաժանումների ղեկավարման, մարտական պատրաստականության աստիճանի բերման և պաշտպանողական մարտ վարելու ժամանակ:

Զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում սեպտեմբերի 25-ին ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի գլխավորությամբ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել է տեղազննություն, հստակեցվել են միասնական գործողությունների պլանով նախատեսված միջոցառումները, ճշգրտվել են համապատասխան աշխատանքային խմբերի կազմերը:

ԱՊՀ ռազմական գերատեսչությունները հավանության են արժանացրել միացյալ ՀՕՊ համակարգերի ծրագիրը

Հայ-ռուսական միացյալ զորախումբ ստեղծելու մասին համաձայնագիրը ստորագրվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում։ Այս տարվա մարտի 15-ին ՀՀ և ՌԴ նախագահները Կրեմլում կայացած բանակցություններից հետո բարձր գնահատական էին տվել ստեղծվող միացյալ զորախմբին։

Միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է և պաշտոնից հեռացվում Հայաստանի ԶՈՒ Գերագույն հրամանատարի` նախագահի կողմից՝ Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցմամբ։

Խաղաղ ժամանակ հրամանատարությունը ենթարկվում է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարին, անմիջական վտանգի և պատերազմի ժամանակ` կախված ստեղծված իրավիճակից, ռուսական բանակի ՀՌՕ զորքերի հրամանատարությանը կամ ՀՀ ԶՈՒ շտաբի ղեկավարների կոմիտեին, երկու երկրների ԶՈՒ գլխավոր հրամանատարների որոշմամբ։