Ռուսաստանում հայկական ապրանքների համար կենտրոններ կստեղծեն. Տողանյան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը պատմել է այն կենտրոնների մասին, որոնք կօգնեն տեղափոխել հայկական արտադրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանը շահագրգռված է, որ Հյուսիսային Կովկասի տարածքում լոգիստիկ կենտրոններ ստեղծվեն։ Այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը Հյուսիսային Կովկասի հարցերի նախարարությունում կայացած ճեպազրույցում։

Նրա խոսքով` Հյուսիսային Կովկասը յուրահատուկ տեղ ունի, որովհետև հենց այս տարածաշրջանի տարածքով է իրականացվում Ռուսաստանի և Հայաստանի տրանսպորտային հաղորդակցությունը։

«Մենք մի քանի նախագիծ ունենք։ Մասնավորապես, ես արդեն այցելել եմ Կովկասի մի քանի շրջաններ` մի քանի լոգիստիկ կենտրոններ ստեղծելու համար», — ասել է դեսպանը։

Տողանյանը նշել է, որ այս պահին մշակվում է Ռուսաստանի տարածքում երկու նման կենտրոններ ստեղծելու նախագիծը։ Հայաստանից բերված ապրանքը կհասնի այդ կենտրոններ, այնուհետև կբաշխվի ռուսական շրջաններում։ Նախատեսվում է ավտոմոբիլային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը թեթևացնել երկաթուղայինի հաշվին։