«Ի՞նչ անենք, կռվե՞նք նրանց հետ». միկրոավտոբուսների վարորդների համբերության բաժակը լցվել է

Տաքսիստները «խլում» են միկրոավտոբուսների ուղևորներին։ Տրանսպորտի նախարարությունում խոստացել են հարցը լուծել, բայց ոչինչ չի փոխվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Երևան-Արմավիր երթուղու միկրոավտոբուսների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանի կառավարության շենքի դիմաց։ Երեկ գիշերը նրանք իրենց մեքենաները կողք կողքի շարել են կառավարական կայանատեղիում։

Կառավարությանն առավոտյան տհաճ անակնկալ է սպասում. լուսանկարներ

Երեք շաբաթ առաջ վարորդները բողոքի ակցիա էին կազմակերպել տրանսպորտի նախարարության մոտ։ Վարորդները բողոքում էին «լևի» տաքսիստներից, որոնք իրենց ուղևորներին տեղափոխում են նույն գնով։

«Տրանսպորտի նախարարությունը մեզ խոստացավ, որ հարցը կլուծի, իսկ մեր գծին կհետևեն։ Խոստացան, բայց չարեցին։ Ամեն ինչ այդպես էլ օդից կախված է մնացել… Իսկ մենք ի՞նչ անենք։ Պլանով նախատեսված է օրական երեք ռեյս անել, բայց մենք մեկն ենք անում։ Ուղևորներ չկան։ Տաքսիստները նրանց տանում են։ Իսկ ի՞նչ ասենք նրանց։ Կռվե՞նք։ Նրանք հացի փող են աշխատում», — ասացին վարորդները, որոնք չցանկացան նշել իրենց անունները։

Sputnik Արմենիային տրանսպորտի նախարարությունից հայտնեցին, որ երթուղին սպասարկող «Գալակտիկա Տրանս սերվիս» ընկերության տնօրեն Շուշանիկ Խաչատրյանին ընդունել են գերատեսչությունում և նրա հետ քննարկում են հարցը։