Լևոն Երանոսյանին կանչել են ՀՔԾ

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի մասնակցությամբ քննչական գործողություններ են կատարվել։ ՀՔԾ–ն հաստատում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

«Լևոն Երանոսյանը կանչվել է հատուկ քննչական ծառայություն՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար»,- ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Ջրառատի ծեծկռտուքի մասնակիցներից է նաև Լեռնիկ Երանոսյանը

Այլ տեղեկություններ Երանոսյանի հետ կապված քրեական գործից այս պահին ՀՔԾ-ն չի տրամադրում` խոստանալով լրացուցիչ տեղեկություններ հրապարակել ավելի ուշ։

Լևոն Երանոսյանը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր մայիսի 11-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։

Երանոսյանի անվան հետ բազմաթիվ աղմկահարույց միջադեպեր են կապված։ 2017 թվականի մարտի 12-ին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում բախում էր տեղի ունեցել փոխոստիկանապետի եղբոր ու «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների միջև։ Երկու օր անց միջադեպն ավելի էր բորբոքվել․ դաշինքի երեք համակիրներ տարբեր վնասվածքներով՝ այդ թվում հրազենային, տեղափոխվել էին հիվանդանոց։ Հրապարակված տեսանյութերից պարզ էր դառնում, որ միջադեպին մասնակցել է նաև Լևոն Երանոսյանը։

Եվս մեկ սկանդալային պատմություն էր տեղի ունեցել այս տարվա ապրիլին բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ։ Տեսախցիկներն արձանագրել էին, թե ինչպես է Երանոսյանը մոտենում ընդդիմադիր պատգամավոր Սասուն Միքայելյանին, սպառնում նրան ու հայհոյում։