Օրվա հրամայականն է. ՀԺԿ–ն էլ խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին

Ստեփան Դեմիրճյանի գլխավորած կուսակցությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով քաղաքական օրակարգում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ արտահերթ ընտրություններն օրվա հրամայականն են: Այս մասին նշված է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցության հայտարարության մեջ։

«Սեպտեմբերի 23-ին կայացած ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ և արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով: Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան և արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը»,- նշված է հայտարարության մեջ:

Այս ընտրությունները, ՀԺԿ-ի դիտարկմամբ, նաև ցույց տվեցին, որ Հայաստանում առկա է խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակական պահանջ, և լեգիտիմ խորհրդարանի ձևավորումն օրվա հրամայականն է։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։

Նշենք, որ նախնական արդյունքների հրապարակումից անմիջապես հետո վարչապետը խոսեց խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման մասին։