Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն. հստակ է` որտեղ և երբ

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպելու են երկու օրից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Էլմար Մամեդյարովի հանդիպման օրը հաստատված է։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

Հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում։

ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպումը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսված է նրա` Ղարաբաղի հարցով հանդիպումը հայ գործընկերը Զոհրաբ Մնացականյանի հետ։

Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

Հիշեցնենք, որ այս պահին Նյու Յորքում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Նա Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: