Նախագահն աշխարհահռչակ ընկերություններին ներկայացրել է Հայաստանի բիզնես միջավայրը

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շամոնի քաղաքում մասնակցել է ամենամյա Մտքերի գագաթնաժողովին (Summit of Minds) և հանդես եկել որպես գլխավոր բանախոս։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանրապետության նախագահը գագաթնաժողովի կազմակերպիչների հետ հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերել նման համաժողով Հայաստանում անցկացնելու վերաբերյալ, մասնավորապես՝ առողջ ապրելակերպի, զբոսաշրջության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման և այլ ոլորտներում:

ՀՀ նախագահը Շամոնի Summit of Minds գագաթնաժողովի հիմնական բանախոսն է լինելու

Մտքերի գագաթնաժողովի (Summit of Minds) շրջանակում նախագահ Արմեն Սարգսյանը սեպտեմբերի 23-ին աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի, ինչպես նաեւ երկու տասնյակից ավելի հայտնի ընկերությունների, հիմնադրամների, կազմակերպությունների ու բանկերի (այդ թվում՝ ամերիկյան Google, Nasdaq, Cargyll, McKinsey, Revolution, շվեյցարական Nestlé, Pictet եւ Lombard Odier, ֆրանսիական Groupe Accor, Publicis, OneRagtime, Société Générale, ռուսական «Ալֆա բանկ», բրիտանական Bridgepoint և Kleinwort Hambros) ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության նախագահը նրանց հետ քննարկել է հայաստանյան բիզնես միջավայրին, ինչպես նաեւ ներդրումների ներգրավմանն ու գործարար կապերի ստեղծմանը վերաբերող հարցեր։ Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի մրցակցային առավելություններն՝ ընդգծելով նրա կամրջող դերը Եվրամիության եւ Եվրասիական տնտեսական միության միջև, որը օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր ու լուրջ հնարավորություններ։ Զրույցի ընթացքում սկզբունքային պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանում ծրագրեր իրականացնելու վերաբերյալ։

Նախագահ Սարգսյանը հանդիպում-զրույց է ունեցել նաեւ երկու հեղինակավոր պարբերականների՝ բրիտանական The Financial Times եւ ֆրանսիական Les Echos թերթերի ղեկավարության հետ: