Ավագանու ընտրության ժամանակ գրանցված ընտրախախտումներն ուսումնասիրում է դատախազությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների 42 դեպքերով նյութեր է նախապատրաստում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. 2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ընթացքում կատարված հնարավոր ընտրախախտումները։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ինչո՞ւ է կինը քվեախցիկ մտել ամուսնու հետ. ՔԿ–ն գնացել է ընտրախախտումների հետքերով

Ընտրախախտումների 73 դեպքի մասին հրապարակվել է մամուլում, 3 ահազանգ ստացվել է Երևան քաղաքի դատախազության թեժ գծին, 4 գրառում է իրականացվել սոցիալական ցանցերում` քաղաքացիների կողմից, 1 դեպքով ձեռնարկվել է վարչական վարույթ` քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն ներկայացրած դիմումով։ Եվս 161 դեպքի մասին զեկուցագրեր դատախազությունը ստացել է ոստիկանությունից։

ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել և ստուգվում են 194 դեպք, որոնց արդյունքում ընտրական հանցագործությունների փաստերը մեծ մասամբ արդեն հերքվել են:

42 ընտրախախտումների վերաբերյալ նախապատրաստվել են նյութեր` 21-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը` ընտրողներին կաշառք տալու, 5-ը` ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելու և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ:

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ աշխատանքային խումը շարունակում է ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիտորինգը և միջոցներ ձեռնարկում դրանց ստուգման, հիմնավորման դեպքում`դրանց առթիվ նյութերի նախապատրաստման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։