Ընտրողների ստորագրված ցուցակները կհրապարակեն. Մուկուչյան

Օրենքով նման պահանջ չկա, բայց ԿԸՀ–ն որոշել է հրապարակել ընտրողների ցուցակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է կայացրել՝ սքանավորել և հրապարակել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները։ Այս մասին սեպտեմբերի 24-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

«Օրենքի նման պահանջ չկա, բայց այսօր ԿԸՀ-ն որոշում է կայացրել հրապարակել քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրված ցուցակները, որպեսզի բոլորը դրանց ծանոթանան և անճշտություններ նկատելու դեպքում դիմեն մեզ»,- ասաց Մուկուչյանը։

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կամփոփվեն սեպտեմբերի 30-ին ու նոր ավագանու անդամները կստանան իրենց մանդատները։

Բոլոր 475 տեղամասերում կատարված նախնական հաշվարկով` «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել են 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.06 տոկոսը:

Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքները

Երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն է, որի օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը: Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է, որի օգտին քվեարկել են 18 հազար 112 ընտրող կամ ընտրության մասնակիցների 4.99 տոկոսը:

ՀՅԴ-ի օգտին քվեարկել են 5882 ընտրող կամ 1.62 տոկոսը, ՕԵԿ-ի օգտին` 3948 ընտրող կամ 1.09 տոկոսը: «Երկիր ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել են 5 հազար 59 մարդ կամ ընտրություններին մասնակցած քաղաքացիների 1.39 տոկոսը: «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել են 2709 ընտրող կամ 0.75 տոկոսը: «Երևանցիներ» դաշինքի օգտին քվեարկել է 2985 քաղաքացի կամ 0.82 տոկոսը:

«Երևանի հանրություն» դաշինքի օգտին քվեարկելենէ 2502 քաղաքացի կամ 0.69 տոկոսը: «Հայկազուններ» կուսակցության օգտին քվեարկել են 692 ընտրող կամ 0.19 տոկոսը: «Ռեֆորմիստների» կուսակցության օգտին քվեարկել են 792 ընտրող կամ 0.22 տոկոսը: «Ժողովրդավարական ուղի» կուսակցության օգտին քվեարկել է 799 քաղաքացի կամ 0.22 տոկոս: